«Հավաքների ազատության մոնիթորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացում» ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն
Սույն թվականի սեպտեմբերի 14-19-ը «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվեց «Հավաքների ազատության մոնիթորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում դասընթացներ: Ծրագիրը իրականացվում էր Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի հովանավորությամբ: Ծրագրում ընդգրկված էին ՀՀ Երևան, Գյումրի, Վանաձոր և Գորիս քաղաքներից նախօրոք մշակված չափանիշների հիման վրա ընտրված 25 մասնակիցներ: Դասընթացները վարում էին տեղական և միջազգային փորձագետներ:
Դասընթացը բացեց Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ, ծրագրի ղեկավար Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով դասընթացի նպատակը, կարևորությունը:
Ողջույնի խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ԺՀՄԻԳ-ի աշխատակազմի ներկայացուցիչ. մարդու իրավունքների գծով խորհրդատու Լիդիա Գրիգորևան, Եվրոպական խորհրդի գլխավոր տնօրինության իրավաբանական և մարդու իրավունքների կարողությունների հզորացման բաժնի ներկայացուցիչ Օսկար Ալարկոն:
Դասընթացները հիմնականում իրականացնում էին ծրագրում ընդգրկված միջազգային փորձագետներ Նիլ Ջարմանը /փորձագիտական խմբի ղեկավար, Բելֆաստի Հակամարտությունների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն, Միացյալ Թագավորություն/, Ջեյմս Սուինին /Դարհամի համալսարանի իրավաբանական դպրոցի գիտնական-իրավաբան, Միացյալ Թագավորություն/ և տեղական փորձագետ Վարդան Պողոսյանը /”Ժողովրդավարություն” ՀԿ-ի հայաստանյան վերլուծական-հետազոտական կենտրոնի հիմնադիր/: |