Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Քայլ առաջ» ծրագրի շրջանակում 2010 թվականի փետրվարի 3-6-ը Ծաղկաձորի «Սպորտային համալիրում» իրականացրեց «Մարդու իրավունքների մոնիթորինգ» երիտասարդների վերապատրաստման ծրագրի երրորդ դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 6 մարզերի (Սյունիք, Արարատ, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) մոնիթորինգային խմբերը` 25 երիտասարդներ:
Դասընթացի նպատակն էր մոնիթորինգային խմբերի կողմից ներկայացնել իրականացված /նախօրոք ընտրված մարդու իրավունքների մոնիթորինգի թեմաներով/ մոնիթորինգի արդյունքները և քննարկել նախնական զեկույցները:
Դասընթացը վարում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իսկ աշխատանքները համակարգում էին գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, ծրագրերի համակարգող Անուշ Համբարձումյանը, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, դասընթացավար Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի տնօրեն Սամվել Նազարյանը:
Քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում դասընթացի ավարտին ներկայացվեցին ներքոնշյալ վերջնական զեկույցները, որոնք համապատասխան խմբագրական աշխատանքներից հետո կտպագրվեն:
Սյունիքի մարզ - Աշխատանքային իրավունքի ապահովումը Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Ագարակ քաղաքներում
Արարատի մարզ - Երեխաների նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքների նախադպրոցական հաստատություններում
Վայոց ձորի մարզ - Հղի կանանց իրավունքները նախածննդյան և հետծննդյան շրջանում Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում
Արագածոտնի մարզ - Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում երեխաների բռնություններից պաշտպանության մոնիթորինգ
Լոռու մարզ - Հասարակական վայրերի մատչելիությունը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում մոնիթորինգ
Շիրակի մարզ - Տարեցների առողջության իրավունքի կիրառումը Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ և Ախուրյան քաղաքներում
|